ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Հայաստանն իրավունք ունի բարեկամություն անելու ում հետ ցանկանա, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Մինսկ-Երևան-Տալլին տեսակապի ժամանակ ասաց ՌԴ ԴԽ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցևիչը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնը Երևանում հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը խոսել է Իրանի վրա մաքսիմալ ճնշում գործադրելու ամերիկյան ցանկության մասին, քանի որ «Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ծրագրերից»։
«Ցանկացած ինքնիշխան երկիր, այդ թվում Հայաստանը, ինքնիշխան իրավունք ունի բարեկամություն անելու նրա հետ, ում հետ ցանկանում է։ Եվ ոչ ոք նրանց այդ հարցում մեղադրելու իրավունք չունի», – ասաց Կլինցևիչը։
Նրա խոսքով` ԱՄՆ–ն պետք է հրաժարվի երկու կարծիքների` «իրենց և սխալ» քաղաքականությունից։
Սենատորը կարծում է, որ Երևանում, իհարկե, պետք է հաշվի առնեն ԱՄՆ հավանական ճնշումը։ Ընդ որում, Հայաստանը պետք է հասկանա, որ այդ հարցում ունի Ռուսաստանի աջակցությունը։
Նրա կարծիքով` մոտ ապագայում տվյալ հարցի լուծման համար անհրաժեշտ ծրագիր կմշակվի։
Հիշեցնենք, նոյեմբերի 1-ին ԱԺ նիստում վարչապետի պաշտոնակատարը հասկացրեց, որ Հայաստանը հարաբերություններ կզարգացնի Իրանի հետ անկախ աշխարհաքաղաքական ուղղվածություններից, և դա բխում է Հայաստանի ազգային ու պետական շահերից։
Իրանի նկատմամբ ԱՄՆ–ի լրացուցիչ պատժամիջոցները ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ նավթային պատժամիջոցների մասով Վաշինգտոնը ժամանակավոր բացառություն է անում Չինաստանի, Հնդկաստանի, Իտալիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Թայվանի և Թուրքիայի համար։