ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորներից մեկը՝ 27-ամյա Գոռ Մանուչարյանը, ինքնասպանության փորձ է արել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` երեկ՝ նոյեմբերի 6-ին, ժամը 14։00-ի սահմանում Վանաձոր քաղաքի Ոստիկանության Տարոնի բաժինը «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ «ձախ նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից մի քաղաքացու են տեղափոխել իրենց մոտ։
Մանուչարյանը ինքնասպանություն գործելու նպատակով առավոտյան ժամը 10։40-ի սահմաններում իր խցում դեռևսն անհայտ առարկայով կատարել է ինքնավնասում, իսկ 11։30-ի սահմանում փորձել է կախվել սավանով։
Կայքի տեղեկություններով՝ նրա ինքնասպանությունը կանխել են բանտի անվտանգության աշխատակիցներն ու օրվա պատասխանատու հերթապահը։
Մանուչարյանը կալանքի տակ է այս տարվա մայիսի 18-ից, ում նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (ավազակություն) և 234 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ռադիոակտիվ նյութեր հափշտակելը կամ շորթելը)։
Նա պատճառաբանել է, որ ցանկացել է ինքնասպան լինել, քանի որ հարուցված քրեական գործի հետ ունի անհամաձայնություն։
Փաստի առթիվ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում։