Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա
Մենք համեղ, իսկ ամենակարևորը` օգտակար հայկական ծիրան (կամ հունական դեղձ ու ռուսական մորի) ենք ուտում։ Մեր գործը հեշտ է` կծել ու կուլ տալ։ Հետո մենք հանգստանում ենք, իսկ մեր օրգանիզմը գործի է անցնում ու սկսում է զբաղվել մեր մարմնի բջիջներով, որոնցից յուրաքանչյուրին պետք է հասցնել «համեղ ու օգտակար» սննդի մասնիկները։ Բայց այդ մասնիկները պետք է անցնեն բջջի արտաքին թաղանթի (մեմբրանի) միջով։ Իսկ ինչպե՞ս պետք է դրանք հայտնվեն այնտեղ։
Դրա համար գոյություն ունեն «իոնային կանալներ» կոչվող սպիտակուցներ։ Դրանք «անցակետեր» են, որոնց միջոցով պետք եղած նյութերը հասնում են բջջին։ Իսկ դա նշանակում է, որ հենց այստեղ է որոշվում` սնունդը կամ դեղը ներս թողնել, թե ոչ։
Ամերիկահայ կենսաբան Աշոտ Պապոյանն աշխատում է հենց այդպիսի սպիտակուցների նոր տեսակի վրա։ Նա իր ամերիկացի գործընկերոջ հետ մի ընկերություն է հիմնել, որտեղ այդ «իոնային կանալները» ստանում են Tetrahymena thermophila միաբջիջ օրգանիզմներից։
Այդ օրգանիզմների գենոմում ակտիվացնում են («միացնում») նման սպիտակուցների արտադրության համար պատասխանատու գեները։ Հետո գիտնականները փորձում են հասկանալ` կկարողանան արդյո՞ք դրանք աշխատել մեր օրգանիզմում, որպեսզի մենք կարողանանք ավելի լավ յուրացնել դեղերը։
Հիմա Պապոյանն ու գործընկերներն աշխատում են սպիտակուցների մոտ տասը տեսակի վրա։ Որոշ փորձեր արվում են in vitro («փորձանոթում»), իսկ որոշները` լաբորատոր կենդանիների վրա։
Այդ տեխնոլոգիաների օգնությամբ գիտնականներն ուզում են այնպես անել, որ դեղերն ավելի արդյունավետությամբ հասնեն մեր բջիջներին։ Նրանց գլխավոր թիրախում առայժմ ցավի ու շաքարախտի դեմ դեղերն են։ Երկու դեպքում էլ պետք եղած դեղորայքն արգելափակելու է անցանկալի հետևանքները` բջիջների իոնային խողովակներում փակելով մուտքերը։
«Մենք ուզում ենք օգնել գտնել մի դեղամիջոց, որը կբուժի առաջին տեսակի աուտոիմունային դիաբետը, որն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ օրգանիզմը սկսում է վերացնել ինսուլին արտադրող սեփական բջիջները։ Մենք ուզում ենք օգնել արգելափակել նման ռեակցիան». – ասում է Պապոյանը։
Այս խնդիրը լուծելու համար գիտնականներն աշխատում են Պատանեկան դիաբետի ուսումնասիրության ամերիկյան հիմնադրամի (Juvenile diabetes research foundation) գործընկերների հետ։
Աշխատանքի երկրորդ ուղղությունը ցավազրկողներն են, որոնք կախվածություն չեն առաջացնում։ Մի՞թե դա հնարավոր է։
Գիտնականն ասում է, որ տեսականորեն հնարավոր է։ Ցավի օջախից ազդանշանը հասնում է ուղեղին։ Խնդիրն այն է, որ այդ ազդանշանը որսան նյարդային համակարգի ճանապարհին։ Դեղն այդ ազդանշանը պարզապես փակելու է նեյրոնների շղթայում։ Այսինքն` փակելու է հենց այն «իոնային կանալը», որի մասին մենք խոսում էինք և որի մոդիֆիկացման վրա այսօր աշխատում են գիտնականները։
«Այդ դեպքում ցավազրկողը պարզապես չի հասնի ուղեղին։ Իսկ եթե ուղեղն այն, այսպես ասենք, չի տեսել ու հոտը չի զգացել, ապա կախվածություն չի առաջանա», – պարզաբանում է գիտնականը։
Պապոյանն ու նրա գործընկերներն առաջիններից են, որ ուսումնասիրում են դեղերի «ճանապարհորդության» նոր մեթոդը։
Գործնականում նա «բջջային ոդիսականով» սկսել է զբաղվել 2006 թվականից, երբ ավարտել է Կոռնելի համալսարանը։ Հետաքրքիր զուգադիպությամբ Նյու Յորք նահանգի քաղաքը, որտեղ գտնվում է այդ համալսարանը, կոչվում է Իթակե (Ոդիսևսի ծննդավայրը)։
«Երբ 2006 թվականին ատենախոսություն պաշտպանեցի, գործընկերոջս հետ ընկերություն բացեցինք։ Մենք նորարարություններին սատարող դաշնային դրամաշնորհ ստացանք։ Հետո մեր նախագծի մեջ ներդրում արեց այսպես կոչված angel investor–ը։ Հիմա արդեն մի քանի գործարք ունենք։ Աշխատում ենք դեղագործական ընկերությունների հետ, որովհետև նրանց հետաքրքրում է` ինչպես կարող են իրենց դեղերն ավելի արդյունավետ դառնալ», – ասում է Պապոյանը։
Ընկերությունում 15–20 մարդ է աշխատում։ Պապոյանը փորձում է պրակտիկ աշխատանքներին ներգրավել հայ ուսանողներին։ Նա կարծում է, որ ներբջջային խողովակների ուսումնասիրության գործին շատ են օգնում մասնագիտական կապերը։ Այդ պատճառով նա յոթ տարի առաջ Բոստոնում Հայ բիոտեխնոլոգների միություն (Armenian Biotech group) է հիմնել։ «Մենք միմյանց օգնում ենք պատվերներ ու նախագծեր գտնելու հարցում, իսկ երիտասարդ մասնագետներին օգնում ենք պրակտիկա անցնելու գործում», – ասում է Պապոյանը։
Նա ծնվել ու մեծացել է Հայաստանում, 90–ականներին ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։ Այդ պատճառով ուզում է այստեղ էլ կապեր հաստատել գործընկերների հետ։
«Հիմա Հայաստանի մասնագետների համար ԱՄՆ–ում պրակտիկայի ծրագիր է պատրաստվում։ Ուզում ենք նրանց մեզ մոտ պրակտիկայի բերել», – ասում է Պապոյանը։
Իր հետազոտությունների մասին նա խոսել է Երևանում կայացած գիտաժողովում, որը կազմակերպել էր FAST բարձր տեխնոլոգիաների հիմնադրամը։ Դրա հիմնադիրներն են սփյուռքահայ գործարար Ռուբեն Վարդանյանը (Ռուսաստան) և Նուբար Աֆեյանը (ԱՄՆ)։