ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի արտգործնախարարությունն ուշադրությամբ հետևում է Իրանի դեմ պատժամիջոցների ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Մշտական կապի մեջ ենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ: Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և մտահոգությունները: ՀՀ-ի համար ԻԻՀ-ի հետ ավանդական, բարիդրացիական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն»,– նշել է նա:
Ըստ նաղդալյանի` այժմ իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն:
Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի մասին համաձայնագրից և վերականգնում Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները, այդ թվում երկրորդական` այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ։ Օգոստոսի 7-ից ԱՄՆ-ն կրկին ուժի մեջ մտցրեցին Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը։