ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Գործարար Սիլվա Համբարձումյանը կաշառքի վերաբերյալ հերթական հաղորդումն է տվել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` նշելով, որ այս անգամ նա Հատուկ քննչական ծառայության քննիչներին կաշառքի գործի շրջանակներում տվել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը:
«Օրերս Օսկանյանը ցանկացել է դուրս գալ երկրից, սակայն նրան թույլ չեն տվել հատել սահմանը՝ ներկայացնելով իրավիճակը և բացատրելով, որ կոնկրետ քրգործի շրջանակում նրա անունը արծարծվում է»,– նշված է հոդվածում:
Պարբերականը հիշեցնում է` առաջին անգամ չէ, որ Օսկանյանը հայտնվում է աղմկահարույց գործի կիզակետում:
«Դեռևս 2012 թվականին Օսկանյանի դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քր. օր.-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ փողերի լվացում: 2013 թվականին Վարդան Օսկանյանի որդին՝ Ա. Օսկանյանը, Երևանում ծեծկռտուք էր սարքել՝ ջարդելով այլ երիտասարդի քիթը: 2017-ին էլ պարտատիրոջը բռնության սպառնալիքներով վախեցնելու համար կրտսեր Օսկանյանը ձերբակալվեց և ազատ արձակվեց»,-գրում է թերթը:
«Ակնհայտ հերյուրանք». Քոչարյանի գրասենյակը դատի է տալու գործարար Սիլվա Համբարձումյանին
Հիշեցնենք` Սիլվա Համբարձումյանը երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ տարիներ առաջ կաշառք է տվել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Նա նշել էր նաև, որ կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար, այժմ պատգամավոր Արամ Հարությունյանին։