ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Յուրի Վարդանյանը բոլոր ժամանակների մեր ամենաշատ տիտղոսներ նվաճած մարզիկն է։ Նա բոլոր ժամանակների հայ մեծագույն ծանրամարտիկն է։ Հայկական սպորտի փառքը և նրա միջազգային հեղինակությունն անհնար է պատկերացնել առանց նրա։ Յուրի Վարդանյանի մարզական սխրանքները ոգևորության և հպարտության բազում անմոռանալի պահեր են պարգևել մեր մարզասերներին և ոգեշնչել պատանիներին` հետևելու նրա օրինակին»,– նշված է ցավակցական հեռագրում։
Փաշինյանը ցավակցություն է հայտնել Յուրի Վարդանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և նրա բազմահազար երկրպագուներին։
Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանի մահվան լուրը հրապարակվեց երեկ` նոյեմբերի 2-ին։ Նա 62 տարեկան էր։