ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Երևանում ճանապարհային երթևեկության կազմակերպման հարցը ոչ մի կերպ չի լուծվում, իսկ խնդրի պատճառը և՛ քաղաքային իշխանության անգործությունն է, և՛ վարորդների անկարգապահությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատրյանը:
Բարեխիղճ վարորդներին զայրացնում է ամեն ինչ` «կարմիր գծերից» մինչև անվերջանալի խցանումներ, որոնք մեծ մասամբ առաջանում են ՃՏՊ-ների պատճառով։ Մայրաքաղաքի փողոցներում վթարների թիվը տարեցտարի աճում է, ու տվյալ պահին օրական մոտ 100 վթար է գրանցվում։
Նրա խոսքով` ապահովագրական ընկերությունները հրաժարվում են Երևանում վարորդների հետ պայմանագրեր կնքել, քանի որ վնասը մեծ է։ Բացի այդ, ճանապարհային ոստիկանները գերծանրաբեռնված են աշխատում։ ՃՈ-ի ստորաբաժանումները ստիպված են լինում կարգավորել երթևեկությունը ՃՏՊ-ների մոտակայքում, համապատասխանաբար, մարդ չի մնում, որ կարգավորի երթևեկությունը ճանապարհների այլ հատվածներում։ Դրա պատճառով աճում է նաև խախտումների թիվը։
Լուրջ խնդիր է կայանման հարցը։ Կարմիր գծանշումներով հատվածները չեն լուծում խնդիրը։ Ավելին`օպերատորները, որոնք կայանման համար քաղաքացիներից գումար են ստանում, որպես կանոն` մեքենայի վնասման դեպքում ոչ մի պատասխանատվություն չեն կրում։ Ընդ որում` ցերեկային ժամերին քաղաքի կենտրոնում կայանման տեղերը երբեք չեն բավականացնում։
«Սպառողների խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանի կարծիքով` քաղաքի կենտրոնի բեռնաթափմանը կարող է նպաստել բազմահարկ կայանատեղիների կառուցումը։ Իհարկե, այդ կայանատեղիները պետք է վճարովի լինեն։
Դրա համար ֆինանսական մեծ ներդրումներ են պետք, բայց ժամանակի ընթացքում ծախսերը կփոխհատուցվեն։ Չիլինգարյանը կարծում է, որ քաղաքային իշխանության պատշաճ ուշադրության դեպքում խնդիրը հնարավոր կլիներ լուծել։ Իսկ քաղաքապետարանը նախընտրել է աչք փակելու տարբերակը։
Փորձագետի խոսքով` փողոցների բեռնաթափմանը կօգնի նաև հասարակական տրանսպորտի հարցի լուծումը։ Նորմալ տրանսպորտի առկայության դեպքում մեքենա ունեցողներից շատերը կնախընտրեն ավտոբուսից օգտվել։


