ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Գագիկ Ծառուկյանը կրկին կմասնակցի ԱԺ ընտրությանը և կգլխավորի ընտրական ցուցակը։ Այսօր խորհրդարանում լրագրողներին այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը։
Հարցին, թե դարձյա՞լ ամենաշատ բացակայող պատգամավորներից է լինելու, Ծառուկյանն ասաց. «Ցանկացած օրինագիծ քննարկելիս ես միշտ մասնակցում եմ, միշտ ստորագրում են խմբակցության կարծիքի տակ։ Ուղղակի ես իմ անունը չեմ դնում, դա սխալ է»։
Նա չպարզաբանեց` ԲՀԿ-ն ինքնուրույն կմասնակցի ընտրություններին, թե կրկին կձևավորի «Ծառուկյան» դաշինքը. գլխավորն այն է, որ ժողովրդի սպասումներն արդարանան։
«Հեղափոխությունից հետո մարդկանց աչքերում ուրախություն է հայտնվել։ Եվ մենք հիմա այնպես պետք է անենք, որ այդ ուրախությունը չմարի։ Հասկացեք դա», — ասաց Ծառուկյանը։
Պատասխանելով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանին (նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանի որդին) կալանքից ազատելու մասին հարցին` Ծառուկյանը նշեց. ««Ջոնիկ Արգամիչին ձերբակալել էին հիմնականում զենքերի համար, ասում էին` դա մարտի մեկի զենքերն ա, ստուգել են, ասել են`դա ոչ մի կապ չունի: Մերը կռվող երկիր է, դա 15 տարի իր թաքցրած զենքերն են եղել, որը ճշտել են, որ այդպիսի բան չկա, դրա համար էլ բաց են թողել»:
Դիտարկմանը, որ Աբրահամյանները սահմանին հայրենիք չեն պաշտպանել, որտեղի՞ց իրենց այդ զենքերը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ հայրենիք պաշտպանելը միայն սահմանին չէ, դա նաև զենքով կանգնած պաշտպանին կերակրելը, հագցնելը և զինելն է:
«Ես ունեմ զենք, 75 հատ, գրանցված, «նագրադնոյ» զենք: Զենք շատ սիրում եմ: Հատուկ գրանցած զենքեր են, զենք սիրում եմ, կրակում եմ, որսի եմ գնում, տղամարդը պիտի կրակի: Ծառուկյանի զենքերը բոլորը օրինական գրանցված զենքեր են, ստուգված, ցանկացած պահի կարող եմ երկրի պաշտպանության համար օգտագործել», — եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություն կանցկացվի։