ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցությունը հոկտեմբերի 29-ին հավանաբար կողմ չի քվեարկի Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծին։ Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
«Չեմ կարծում, որ հոկտեմբերի 29-ին ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը կողմ կքվեարկի Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծին: Չի կարելի հընթացս փոխել խաղի կանոնները, հատկապես, եթե հաշվի առնենք, որ դեկտեմբերին ամենայն հավանականությամբ տեղի են ունենալու խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է դրան նախապատրաստվի»,- ասաց նա:
Հարությունյանը կրկին նշեց, որ բաց համամասնական ցուցակներն անհամեմատ ավելի ժողովրդավարական են և ավելի մեծ հեռանկար են բացում Հայաստանի զարգացման համար, քան փակ ցուցակներով ընտրությունների կազմակերպումը:
Ավելի վաղ «Հանրապետական » խմբակցությունն ԱԺ-ում տապալել էր Ընտրական բարեփոխումների նախագիծը, որից հետո Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀԿ-ական պատգամավորներին` ասելով. «Մեկը չկա՞, որ ձեզ ձեր շահը բացատրի»:
Հարությունյանը նշեց, որ հասկանում է Փաշինյանի` բոլորին անպայման սովորեցնելու գայթակղությունը, բայց նրա ասածը, թերևս, պետք է հնչեր որպես սպառնալիք։
«Այսօր էլ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներն աննախադեպ ճնշումների են ենթարկվում, դա է պատճառը, որ շատերը ստորագրում են տարբեր փաստաթղթերի տակ կամ կողմ են քվեարկում մի նախագծի»,- ասաց նա:
Հարությունյանը նշեց նաև, որ ՀՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ֆորմալ որոշում չունի, բայց ամենայն հավանականությամբ կմասնակցի ընտրություններին:


