ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Кենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը հրաժեշտի խոսք է ուղղել բնակիչներին։
«Ստեղծված իրողության պատճառով իմ կողմից ազնիվ կլինի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հեռանալը: Խորին շնորհակալություն եմ հայտնում ձե՛զ և բոլոր նրանց, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու: Ձեզ հետ աշխատանքը և՛ հաճելի էր, և՛ պատասխանատու, և՛ պարտավորեցնող: Այս տարիների ընթացքում փորձել եմ ուժերիս ներածին չափով դրական հետք թողնել վարչական շրջանի ընդհանուր նկարագրի, և որ ինձ համար շատ կարևոր է, ձե՛ր հիշողության մեջ»,- Facebook սոցիալական ցանցում գրել է Սադոյանը:
Վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ աշխատանքը հեշտ չի եղել, բայց հպարտ կլինի, եթե մարդիկ իր արածի մեջ ինչ-որ բան հաջողված համարեն։
«Չարածիս համար անկեղծորեն հայցում եմ ձե՛ր ներողամտությունը: Հավատում եմ, որ մեզ փոխարինելու եկողներին կհաջողվի անել ավելին։ Խաղաղություն մեր երկրին»,- եզրափակել է նա:
ՀՀԿ անդամ Արա Սադոյանը Կենտրոն համայնքը ղեկավարում էր 2011 թվականից։
Հիշեցնենք, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնն առաջարկվել է Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Վիկտոր Մնացականյանին։ Նա ավելի վաղ Sputnik Արմենիային հայտնել էր, որ ընդունել է այդ առաջարկը։