ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանը կշարունակի Հայաստանի հետ համագործակցել ցանկացած քաղաքական իրավիճակում։ Այս մասին այսօր Երևանում ասաց Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի առաջին փոխնախարար Սերգեյ Ցիբը Expo Russia — Armenia 2018 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի բացման ժամանակ։
Ապրիլ–մայիս ամիսների Հայաստանում քաղաքական իրավիճակը կտրուկ փոխվեց։ Կարո՞ղ է դա արդյւք վախեցնել ռուսական բիզնեսին։ Փոխնախարարը կարծիքով` բիզնեսը միշտ քաղաքականությունից դուրս էր եղել։ Իսկ Հայաստանի հետ հարաբերությունները յուրահատուկ են, ու քաղաքականությունը չի կարող ազդել դրանց վրա։
«Վստահ եմ, որ մեր երկրների և ժողովուրդների երկար տարիների ու բարեկամությունը բիզնեսի զարգացման հիմնական գրավականն է։ Մենք զարգացնելու ենք համագործակցությունը, անկախ որևէ քաղաքական որոշման։ Հայ ժողովուրդը մեզ համար բարեկամ ժողովուրդ է», – ասաց Ցիբը։
Հիմա պետք է հայ գործընկերների հետ փորձել հասնել Եվրասիական միության ներսում առկա խոչընդոտները հաղթահարելուն։ Ընդհանուր տնտեսական տարածքում ապրանքներն ու կապիտալը պետք է առանց արգելքների տեղափոխվի։
«Դա կհեշտացնի մեր ձեռնարկությունների համագործակցությունը ու համատեղ ապրանքի ստեղծումը, որը մրցունակ կլինի և՛ մեր շուկայում, և՛ երրորդ երկրներում», – ընդգծեց փոխնախարարը։
Նշենք, որ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է։ Վերջին տարիներին Հայաստանի արտաքին առևտրի 27%–ը Ռուսաստանի տարածքում է արվում (2017 թվականին մոտ 1,7 միլիարդ դոլար)։ Ռուսական բիզնեսը ներկա է արտասահմանյան կապիտալով հայկական ձեռնարկությունների մեկ երրորդում (մոտ 1 300)։