ԵՐԵՎԱՆ, 14 Հոկտեմբեր — Sputnik, Արմենուհի Մխոյան. Նրանց ընտանիքում արվեստագետներ չեն եղել, ավելին երիտասարդ տարիքում երբեմն-երբեմն իրականացրած աշխատանքն հոբբի է դարձել միայն թոշակի անցնելուց հետո: Այսօր նրան հաճախ կարելի է տեսնել այս կամ այն չորացած ծառի արմատը զգուշությամբ հանելիս ու մշակելիս: Խոստովանում է՝ ծիրանենուն, խնձորենուն և տանձենուն բարդ է ենթարկեցնելը՝ չոր են:
«Ամենադժվարն այս ծառատեսակներն են, չոր են, իսկ համապատասխան գործիքներ չկան: Բայց հենց արմատի ճյուղերը տեսա, արդեն իսկ կարող եմ պատկերացնել` ինչ դուրս կգա այդ ճյուղից: Նախ պետք է երևակայությունս աշխատեցնեմ: Եթե երևակայություն չունեցա, ապա չեմ կարողանա ստանալ այն, ինչ ուզում եմ: Հեշտը բարդին ու ուռենին է»,-պատմում է Գոռը` ափսոսալով, որ Շիրակում, որտեղ բնակվում է, անտառներ չկան:
«Դժվարը հենց դա է: Կանաչ ծառից արմատներ չի կարելի հանել, պետք է միայն չորացած, մեռած ծառ լինի»:
Չորացած ծառի արմատը տուն բերելուց հետո դրանք նախ լվացվում են, ապա երևակայության արդյունքում՝ պատկերներ տեսնելուց հետո, ավելորդ մասերն են հեռացվում, որից հետո նոր ավելի մանրամասն աշխատանք է տարվում։ Ոսկերչի նման յուրաքանչյուր միլիմիետրի վրա երկարատև ու մանրամասն աշխատանքից հետո նոր ստացվում է պատկերը: Հենց այդպես՝ շատ երկար ու մանրազնին աշխատանքի արդյունքում են ստեղծվել «Պարուհին», «Սիմֆոնիան», «Երիտասարդ աղջիկը», «Կոմիտաս», «Կկուն», «Ջահը», «Ադամն ու Եվան», «Ծաղրածուն» ու մյուս գործերը:
Պատկերները հեշտ չեն տրվում: «Մի անգամ որդիս Ջարդի ձորից մի կապոց ճյուղեր բերեց: Մի կապոցից միայն 1 քանդակ ստացա՝ «Երիտասարդ աղջիկը»»,-Sputnik Արմենիային ասում է վարպետը:
Նախկին մեքենավարը պատմում է, որ երիտասարդ տարիներին, երբ մեքենավար էր, շատ էր գնում–գալիս Լոռվա կողմեր, հրապուրվում այդ անտառներով ու բնությամբ: «Երիտասարդ տարիներին այցելել եմ հայտնի քանդակագործ Զավեն Կոշտոյանի աշխատասենյակ, տեսել նրա գործերը, հրապուրվել եմ նրա քանդակներով: Թոշակի անցնելուց հետո որոշեցի սիրած զբաղմունքով պարապ ժամանակս լցնել ՝ մարդկանց պատճառելով գեղագիտական հաճույք»,–ասում է նա:
Մինչ այս Գոռը ոչ մի աշխատանք չի վաճառել` ասելով, որ դրա մասին դեռ չի մտածել, բայց անհատական ցուցադրություն ունենալ երազում է: Թեև արդեն մի քանի անգամ իր գործերը ներկայացվել են` հիմնականում Գյումրու օր տոնակատարությունների ժամանակ:
Գոռի թոռնուհին՝ 9 ամյա Սուսաննան, հրապուրվելով պապի աշխատանքներով, որոշել է ինքն էլ խորանալ: Պապն էլ միշտ, մինչ իր գործերը ցուցադրելը, առաջինը թոռնուհու աշխատանքներն է ի ցույց դնում: