ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Օ' դը Սեն ֆրանսիական նահանգը կշարունակի աջակցել սահմանամերձ Տավուշի մարզի զարգացմանը:
Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Օ' դը Սեն դեպարտամենտի ղեկավար Պատրիկ Դևեջյանը Երևանում Ֆրանկոֆոնիայի գործարար համաժողովի ընթացքում:
Օ' դը Սեն շրջանը միավորում է Փարիզից արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր: Դրա մեջ մտնում են Սեն Կլու և Բուլոն քաղաքները, որոնք հայտնի են իրենց ամրոցներով և պալատներով (այդ թվում՝ Բուլոնի թագավորական ամրոցով, որը հիմա չկա), Իսսի լե Մուլինեն, որտեղ գտնվում են մի քանի խոշոր կորպորացիաների գրասենյակները (այդ թվում՝ Coca Cola և Microsoft), ինչպես նաև մի քանի այլ քաղաքներ և գյուղեր:
Օ' դը Սենի ղեկավարությունն արդեն ավելի քան տարի օգնում է «Հայաստան» հիմնադրամին տարեկան 500 հազար եվրո հավաքել Տավուշի մարզին օգնելու համար (HimnaTavoush հիմնադրամի շրջանակում): Այդ միջոցներով այստեղ զբաղվում են անասնապահությամբ, կառուցում են նոր ֆերմաներ և պանրագործարաններ:
Այստեղ պատրաստված պանիրն արդեն վաճառում են Ռուսաստանում:
«Մենք շատ կարևոր ենք համարում գյուղացիներին աջակցելը: Այդ գյուղերի բնակիչները հնարավորություն ունեն գումար վաստակել, պահել ընտանիքները՝ մնալով հայրենիքում: Ուստի մենք կշարունակենք այդ աշխատանքը», — ասաց Դևեջյանը:
Նրա խոսքով՝ նա կշարունակի աշխատել Օ' դը Սենի գործարարների հետ, որպեսզի նրանց ցույց տա Հայաստանի ներդրումային հնարավորությունները:
Պատրիկ Դևեջյանը մի քանի տարի կարևոր պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի կառավարությունում: 2004-2005թթ-ին եղել է արդյունաբերության նախարարը, 2008-2010թթ-ին՝ տնտեսության վերականգնման նախարար:
Միաժամանակ Դևեջյանը արևմտահայերենի և դասական հայկական ուղղագրության գիտակ է. փոքր տարիքում նա այցելել է Սևր քաղաքի Սուրբ Մխիթարի միաբանության քոլեջ: