ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի գյուղերից մեկի ղեկավարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` նույն համայնքի բնակչուհու առանձնատանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ։
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարը 2000 թվականի փետրվար ամսից տիրացել է նույն համայնքի բնակչուհուն պատկանող առանձնատանը։
2018թ. հոկտեմբերի 6-ին քննիչը որոշում է կայացրել՝ համայնքի ղեկավարին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրան ծանուցել վարույթ իրականացնող մարմնին ներկայանալու մասին։
Գյուղապետը ոչ միայն չի ներկայացել, այլև փախուստի է դիմել` թաքնվելով արդարադատությունից։
2018թ. հոկտեմբերի 8-ին որոշում է կայացվել նրան բերման ենթարկելու ու նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
Նույն օրը դատախազի կողմից որոշում է կայացվել՝ համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: