ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են հնչում։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել Երևանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնել են, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը` Կարո Կարապետյանը («Յուվեցի Կարո»), մահացել է։
Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ և ատրճանակ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ոստիկանությունը խոստանում է դեպքի մանրամասներին անդրադառնալ առաջիկայում։