ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Տ-72 տանկի Բ3 տարբերակի տեխնիկական հագեցվածության մի մասը լինելու է հայկական արտադրության։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ Սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման և պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը։
Նրա խոսքով` դեռ երկու տարի առաջ Զինված ուժերում մտածում էին` տանկերի արդիականացման որ հայեցակարգն ընտրել։ Ընտրություն արդեն արվել է։
«Մենք ոչ միայն մեկ ուղղությամբ ենք աշխատում, քանի որ ռազմական տեխնիկան զարգանում է, պետք չէ կանգնել մեկ տարբերակի վրա: Այս երկու տարիների ընթացքում ոչ միայն համագործակցության ճանապարհով ենք հարցերը փորձում կարգավորել, այլև խնդիրներ ենք լուծել սեփական ուժերով՝ հենվելով ՀՀ-ում գիտական, արտադրական ներուժի վրա: Տ-72 տանկի Բ3 տարբերակի տեխնիկական հագեցվածության մի մասը լինելու է հայկական արտադրության: Մտածում ենք նաև այլ տեսակի տանկերի արդիականացման մասին»,-ավելացրեց Զորայր Գաբրիելյանը:
Տեխնիկայի զարգացման պայմաններում, նրա խոսքով սխալ է շեշտը դնել արդիականացման միայն մեկ ուղղության վրա։
««Բ3 տարբերակի տեխնիկական հագեցվածության մի մասը լինելու է հայկական արտադրության։ Բացի դրանից, կան նաև Տ-72Ա տանկեր, որոնք ավելի վաղ են արտադրվել։ Մենք մտածում ենք այդ տանկերի արդիականացման ուղղությամբ», — նշեց Գաբրիելյանը։
Աշխատանքի հիմնական ուղղությունները պետք է լինեն կրակի ղեկավարման համակարգերի կատարելագործումը, պաշտպանության համակարգի ներդրումը, եղանակային տարբեր պայմաններում գործելու հնարավորությունների ավելացումը:
Հոկտեմբերի 8-ը նշվում է որպես Տանկիստի օր։
Տ-72Բ3-ը Տ-72 ու Տ-72Բ տանկերի նորարցված տարբերակն է ու բոլոր ցուցանիշներով գերազանցում է նախորդներին։ Տանկն ավելի հզոր շարժիչ ունի (մինչև 900 ձիաուժ)։