Պիպոյանը վստահեցնում է` հայաստանյան դպրոցների ենթակառուցվածքներն այնպիսին են, որ երեխան սնման կազմակերպման հետ կապված խնդիրներ ունենա։
«Եթե տարբեր երկրների փորձով նայենք, մեզ մոտ ստացվում է հետևյալ պատկերը. երեխան գնում է նախադպրոցական ուսումնական հաստատություն, հետո սկսում է շատ վաղ տարիքից հաճախել դպրոց, և փաստացի ստացվում է` մենք երեխային մանկապարտեզում ապահովում ենք բալանսավորված նախաճաշ, հետճաշիկ և այլն, և ընդամենը մեկ տարի հետո այդ նույն երեխան, որը դեռ նոր ձևավորվող օրգանիզմ է, մտնում է դպրոց և ուտում է միայն այն, ինչ կա դպրոցի բուֆետում, ինչը երեխայի ֆիզիոլոգիական պահանջների համապատասխան չէ, անգամ եթե անվտանգ է»,- ասում է նա։
Պիպոյանը նշում է, որ դպրոցներում վաճառվող մթերքը (մասնավորապես` թխվածքը) ամբողջությամբ պարունակում է ալյուր, շաքարի մեծ քանակություն։
«Բոլորս գիտենք, որ դպրոցներում կարագով պատրաստված մթերք չի իրացվում, և փաստացի մենք ունենում ենք երեխայի միակողմանի սնուցում, որովհետև այսօր երեխաները բավականին երկար են մնում դպրոցում»,- ասում է նա։
Պիպոյանը նշում է նաև մեկ այլ արատավոր երևույթ, երբ երեխան դպրոց է գնում առանց նախաճաշելու։
«Երեխայի համար կարևորագույն հատվածում, երբ նա պետք է ստանա իր համար անհրաժեշտ բոլոր տարրերը, ստանում է միակողմանի սնուցում, ընդ որում` ստանում է այնպիսի մթերքներից, որոնք օրգանիզմի համար ունեն բացասական ազդեցություն»,- ասում է նա։
Փորձագետի խոսքով` երեխան փոքր տարիքից ձեռք է բերում սխալ սննդային սովորություններ, ինչը շատ բացասական ազդեցություն է ունենում երեխայի հետագա կյանքի վրա։