ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Վայոց Ձորի մարզում փորձել են առևանգել գյուղապետի աղջկան, բայց չի ստացվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով`սեպտեմբերի 25-ին, 16:30-ի սահմանում, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ճանապարհային ոստիկանները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 108-րդ կմ հատվածում՝ Արենի գյուղի վարչական տարածքում, անձի առևանգում կատարելու կասկածանքով կանգնեցրել են Toyota մակնիշի 12 FF 120 համարանիշի ավտոմեքենան:
Ավտոմեքենայում եղել են Արմավիրի մարզի բնակիչներ, 29-ամյա Գրիգոր Վահանյանը, 34-ամյա Սամվել Նազարյանը և 30-ամյա Ալիկ Միրզոյանը:
Նրանք փորձել են մոլորեցնել ՃՈ վաշտի և դասակի հրամանատարներին, սակայն անօգուտ է եղել:
Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Արմինե Պ.-ն, որի հայրը Արմավիրի մարզի գյուղապետերից մեկն է և դիմել էր ոստիկանության Արմավիրի բաժին ու հայտնել, որ Toyota մակնիշի ավտոմեքենայով 3 հոգի բռնություն գործադրելով՝ առևանգել են իր աղջկան:
Ճանապարհային ոստիկանները նշված անձանց բերման են ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, ու արդեն գիշերը ժամը 01:00-ին ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը նրանց տեղափոխել է ոստիկանության Արմավիրի բաժին:
Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով՝ գյուղապետը ոստիկաններին հայտնել է, որ իր ուսուցչուհի աղջկան առևանգողները գյուղում հայտնի են «Խոզ», «Ցանցառ», «Նիկուլին» մականվամբ: