ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբեր — Sputnik. Չնայած ներքաղաքական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխություններին` Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կտրուկ շրջադարձեր չկան: Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի իր ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը վկայում է, որ Հայաստանը կանխատեսելի և հուսալի գործընկեր է: Մեր միջազգային պարտավորությունները ենթակա չեն վերանայման: Մեր դիրքորոշումը հստակ է. Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության և համագործակցության բոլոր գործընկերների հետ: Մենք մտադիր չենք զարգացնել մեր հարաբերությունները մեկ գործընկերոջ հետ՝ մյուսի հաշվին: Մենք կարևորում ենք բազմակողմանիության դերը գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում»,- ասել է նա։
Փաշինյանը հիշատակել է Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղության գործողություններին`Աֆղանստանից Լիբանան, Կոսովո, Մալի և այլն: Վարչապետն ընդգծել է, որ այդ ծրագրերն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի համար, որն ինքն ունի անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություններ:
Իսկ Հայաստանի մտահոգությունը համամոլորակային սպառնալիքների առնչությամբ, Փաշինյանը բացատրել է հայ ժողովրդի`հարյուրավոր աշխարհասփյուռ համայնքներով համաշխարհային ազգ լինելու հանգամանքով։
«Սիրիական ճգնաժամի պատճառով այսօր վտանգված է մեծաթիվ սիրիահայ համայնքի գոյությունն ընդհանրապես: Հայաստանը փորձում է սատարել ճգնաժամային տարածաշրջաններին մարդասիրական օգնության միջոցով: Մենք պատրաստ ենք ընդարձակել Հայաստանի մարդասիրական առաքելությունը՝ ուղղված Սիրիայի մեր համայնքի հրատապ կարիքների բավարարմանը»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ, որպես ցեղասպանության սարսափներ վերապրած ազգ, հայերն առավել զգայուն են իրենց մերձավորների անվտանգության հարցում և պատրաստ են ամեն ինչ անել նրանց պաշտպանելու համար:
Հիշեցնենք` Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը Սիրիայի Հալեպ քաղաքում մարդասիրական առաքելություն կիրականացնի, որի հիմնական նպատակն է օգնել Հալեպի հայ համայնքին և ընդհանուր առմամբ Սիրիային։ Նրա խոսքով` տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ականազերծմանն ու բժշկական օգնություն տրամադրելուն։
Հիշեցնենք նաև, որ 2012 թվականի օգոստոսից 2018 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում Հայաստան է եկել 23 հազար սիրիահայ, որոնցից 20 հազարը հիմնվել են այստեղ։ Սիրիայում հակամարտությունից առաջ Հալեպում մոտ 60 հազար սիրիահայ էր ապրում։
Սիրիայի հայկական համայնքն աշխարհի ամենահզորներից էր համարվում։ Այնտեղ մոտ 110 հազար մարդ կար։ Սիրիական ճգնաժամը սկսվելուց հետո տարբեր գնահատականներով ավելի քան 90 հազար հայ լքել են երկիրը։