ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. 2016 թվականի հուլիսին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման օրերին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինն այսօր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ձեռքից ոստիկանության լեյտենանտի ուսադիրներ է ստացել։
Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայույունից, Տեփանոսյանի այրին նախկինում այդ համակարգում չի աշխատել։ Նա 8 շարքային ծառայողների հետ այսօր ոստիկանապետի հրամանագրով լեյտենանտի կոչում է ստացել ու աշխատանքի անցել ոստիկանության միջին խմբի պաշտոնում։
Ըստ ոստիկանության` երիտասարդ կինը նման որոշում է կայացրել ամուսնու կիսատ թողած գործը շարունակելու վճռականությամբ։
Լեյտենանտի կոչում ստացած 9 երիտասարդ սպաներից 3-ը կանայք են, որոնք ոստիկանությունում միջին պաշտոններ են զբաղեցնելու։
Հիշեցնենք, որ ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը մահացել էր 2016 թվականի հուլիսի 30-ին ՊՊԾ գնդի տարածքում, որը գրավել էին «Սասնա ծռերը»։ Նա 30 տարեկան էր, ծնվել է 1986 թվականին, Երևանում: Ծառայել էր զինված ուժերում, ոստիկանության համակարգում էր 2011թ-ից։ Երկու դուստրերի ու մեկ որդու հայր էր։
2016թ-ի հուլիսի 17-ին վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապահներին։ Այդ դեպքերի ժամանակ, բացի Տեփանոսյանից, զոհվեցին նաև ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Ոստիկանների սպանության համար մեղադրանք է առաջադրվել խմբի անդամներից Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին։