ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունել է Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը։ Այս մասին նշված է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ։
«Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին»,- նշել է Ծառուկյանը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել իր թիմին սկզբունքային, գրագետ և կոռեկտ պայքարի համար:
«Հույս ունենք, որ երևանցիներին խոստացված բոլոր ծրագրերը կդառնան իրականություն»,- նշել է Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։ Ընտրությունների մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս (370323 ընտրող)։ Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երևանի նոր քաղաքապետ։ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։