ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Պատճառն անձը հաստատող փաստաթղթերի բացակայությունն է։ Sputnik Արմենիային ասաց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը և ID քարտը գտնվում են Հատուկ քննչական ծառայությունում»,- ասաց նա:
Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Հուլիսի 27-ին երկրորդ նախագահը կալանավորվել էր: Սեպտեմբերի 4-ին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ: