ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու ընտրություններում «Երևանցիներ» դաշինքի թեկնածու Արարատ Զուրաբյանը Հայաստանի ոստիկանությանը հորդորել է ավելի ուշադիր լինել։ Այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում 9/24 ընտրատեղամասի դիմաց, ուր եկել էր քվեարկելու։
«Ոստիկանությունը պետք է մի քիչ ավելի ուշադիր լինի և ամեն մի չստուգված ահազանգի տեղիք չտա, դա չդարձնի ինչ-որ մի բան», — ասաց Զուրաբյանը` պատասխանելով խախտումների և հարուցված քրեական գործերի մասին հարցին։
Նրա կարծիքով` թյուրիմացություն է եղել, քանի որ քաղաքական բոլոր ուժերն էլ հստակ գիտակցել են, որ ընտրակաշառք և այլ երևույթներ չեն լինելու, և բոլորն էլ առաջնորդվել են այդ սկզբունքով։
«Այսօր կարևոր օր է երևանցիների համար, իսկ նախորդ ընտրություններին գործող մեխանիզմներն այս ընտրություններին չեն գործում», — ասաց թեկնածուն։
Զուրաբյանը շնորհավորեց բոլորին այս օրվա կապակցությամբ` ընտրություններն անվանելով աննախադեպ, որովհետև հենց հիմա ընտրական տեղամասի մոտ չեն տեսնում նրանց, ում սովորաբար տեսնում էին նախորդ ընտրություններին, նրանց, ովքեր սովորաբար ինչ-որ բան էին նախաձեռնում, տանում, բերում և այլն:
Քաղաքական գործիչը եկել էր վիրակապված ձեռքով։ Նա ասաց, որ քվեարկել է «հանուն Երևանի փայլուն ապագայի»։