ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի –Sputnik. ՀՀ ոստիկանությունն այցելել է «ԲՀԿ»-ի` Աջափնյակ համայնքում գտնվող շտաբներից մեկը։ Այդ տեսանյութը facebook սոցցանցի իր էջում տեղադրել է կուսակցության առաջնորդի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանության սպան ընթերցում շտաբում հայտնաբերված քաղաքացիների անուններով ցուցակները։
Շտաբ ժամանած «ԲՀԿ» քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հերքում է ընտրակաշառքներ բաժանելու կասկածները։
«Այդ մասին հայտարարել եմ նաև ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանին», – ասել է նա։
Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը, ոստիկանական բաժին շտաբից երեք մարդ են տեղափոխվել։
«Նրանց նկատմամբ, ինչպես նաև շտաբի տարածքում համապատասխան գործողություններ են իրականացվում», – ասաց Ջանոյանը։
Ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին։ Այնուհետև ավագանին քաղաքապետ կընտրի։