ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի –Sputnik. Հոլիվուդյան հայտնի ոճաբան և դիմահարդար Հրուշ Աճեմյանը Instagram–ի իր էջում Քիմ Քարդաշյանի քրոջ` Քլոեի հետ լուսանկար է հրապարակել։
Հայտնի ոճաբանը իր ընկերուհուն «ապուշիկ» է անվանել, սակայն իրենց աստղային ներկայացուցիչների շարքում սա Քլոեի ընդունված մականունն է։ Բնօրինակում Հրուշը լուսանկարը մակագրել էր «My apoooshie for life», ինչը բառացիորեն թարգմանաբար նշանակում է «Կյանքիս ապուշիկը»։
Դիմահարդարի երկրպագուները հասցրել են մի քանի ժամվա ընթացքում աղջիկների համատեղ լուսանկարը «լայքերի» արժանացնել ավելի քան 56 հազար անգամ։ Իսկ Հրուշի հայ բաժանորդները ժպիտներ և հայկական դրոշներ են տեղադրել մեկնաբանություններում, որպեսզի դիմահարդարը հասկանա, որ իր գրառումն աննկատ չի մնացել։
Հրուշ Աճեմյանը Քարդաշյանների ընտանիքի մաս վաղուց է դարձել։ Իր ծննդյան օրը աղջիկը շքեղ երեկույթ էր կազմակերպել Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում, որտեղ հայկական երաժշտության տակ պարում էր Քլոեն և այլ աստղային հյուրեր։
Աղջիկները գնալով միասին ավելի շատ ժամանակ են անցկացնում, և հավանաբար, Հրուշն արդեն հասցրել է Քլոեին մի քանի հայերեն բառ սովորեցնել, քանի որ Քարդաշյանն իր գրառումներում երբեմն հայերեն բառեր է օգտագործում։