ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ գոհ է սեպտեմբերի 21–ի տոնական միջոցառումների ընթացքից։ Այս մասին նա հայտնեց Արարատի մարզ մեկնելու ճանապարհին, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով։
«Երեկ իսկապես շատ լավ օր ստացվեց, սեպտեմբերի 21–ի անկախության տոնակատարությունները բացառիկ, ես կասեի` աննախադեպ մթնոլորտում անցան, և այդ տոնակատարություններին տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցեցին։ Այսօր առավոտյան լսեցի Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի զեկույցը և ինձ շատ ուրախացրեց, որ երեկ որևէ միջադեպ չի արձանագրվել, սա իսկապես բացառիկ ցուցանիշ է և ցույց է տալիս, որ Հայաստանում սիրո և համերաշխության մթնոլորտ է տիրում»,–ասաց Փաշինյանն ու նման իրավիճակի համար շնորհակալություն հայտնեց հայրենակիցներին։
Իսկ Արարատի մարզ ՀՀ վարչապետը մեկնում է աշխատանքային այցով։ Նա տեղեկացրեց, որ Արարատի մարզի բնակիչների հետ կհանդիպի ժամը 17։00–ին, Արտաշատի կենտրոնական հրապարակում։
«Կզրուցենք ընթացիկ իրավիճակի մասին, կքննարկենք մարզի խնդիրները, արտաշատցիներին հուզող հարցերը»,–ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։