ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Ծանր հիվանդությունից հետո մահացել է Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգը, հայտնում են համաշխարհային ԶԼՄ-ները։
Նա մահացել է տեղի ժամանակով ժամը 10:05-ին Հանոյի զինվորական հոսպիտալում, փոխանցում է Վիետնամի լրատվական գործակալությունը (VNA):
Բժիշկները չեն կարողացել փրկել նախագահի կյանքը։ Որոշ տվյալների համաձայն` Չան Դայ Կուանգը սրտի հետ կապված խնդիրներ ուներ։
«Նախագահը պայքարում էր ծանր հիվանդության դեմ։ Հայրենական և արտասահմանյան բժիշկները ջանքեր գործադրեցին, բայց նա այդպես էլ չկարողացավ ապաքինվել», — գրված է Վիետնամի առողջապահության կենտրոնական վարչության հաղորդագրության մեջ։
Չան Դայ Կուանգը երկրի 10-րդ նախագահն էր։ Նա պաշտոնավարեց մոտ 2 տարի (2016 թվականի ապրիլի 2-ից)։
Առայժմ հայտնի չէ` ով է ստանձնելու երկրի ղեկավարի պարտականությունները։