ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Երևանի կենտրոնում դանակահարվել են 23-ամյա Էդգար Պողոսյանը և 27-ամյա Վիգեն Պողոսյանը, որոնք հարազատ եղբայրներ են։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին։ Ժամը 18:20-ի սահմանում Երևանի ճանապարհային ոստիկանության կարգախումբը Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում ծառայություն կատարելիս է լինում, երբ տեսուչ Մատինյանին են մոտենում Նալբանդյան փողոցի բնակիչներ Վիգեն Պողոսյանն ու Էդգար Պողոսյանը:
ՃՈ տեսուչը նկատում է, որ նրանք մարմնական վնասվածք են ստացել և ճիշտ կողմնորոշվելով, իրենց ծառայողական ավտոմեքենայով վիրավորներին տեղափոխում են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մինչ բժիշկները դանակահարված անձանց օգնություն են ցուցաբերում, ՃՈ տեսուչը այդ մասին տեղեկությունը փոխանցում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կարճ ժամանակ անց պարզում են, որ Վ. և Է. Պողոսյաններին սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Երևանի բնակիչ, 29-ամյա Մարատ Մինասյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Մ. Մինասյանին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ: