ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Թավշյա հեղափոխությունից հետո իրավական դաշտում մեծ փոփոխություններ չեն արձանագրվել։ 2018 մայիս-օգոստոս ամիսներին սոցիալական կայքերում անցկացրած հարցումներից հետո այս եզրակացությանն է հանգել «Իրավաբան 24» կազմակերպությունը։
«Բոլոր այն իրավական խնդիրները, որոնք ակտուալ էին այն ժամանակ, ակտուալ են նաև հեղափոխությունից հետո և այսօր»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Իրավական ռեստարտ» նախագծում ներգրավված իրավաբան Իրինա Դանիելյանը։
Իրավաբան Մարիետտա Մանուկյանի խոսքով էլ Հայաստանում այսօր դիտարկվում է անգործության սինդրոմը, որն, ըստ նրա, բնորոշ է բոլոր հետհեղափոխական հասարակարգերին։
«Հասարակությունը վստահ է, որ հեղափոխությունից հետո, նույնիսկ անգործության դեպքում իր իրավական խնդիրները լուծում են ստանալու։ Մարդը կարծում է, որ ինքը որոշ ժամանակ առաջ ակտիվ մասնակցել է հեղափոխությանը և հիմա արդեն կարող է անգործություն դրսևորել և ակնկալել իրավական խնդրի արդյունավետ լուծում»,- ասաց նա։
Անդրադառնալով հեղափոխության օրերին առկա մթնոլորտին ու սեփական իրավունքների համար հանրության մղած պայքարին` ուսումնասիրության հեղինակները նշեցին, որ դա հարցի միայն առերևույթ կողմն է, իրականում հանրության իրավագիտակցությունը մնացել է նույն` մինչհեղափոխական մակարդակին։
«Իրավական ռեստարտ» նախաձեռնությունը բացահայտել է մեկ իրողություն ևս. պետական մարմիններում հանրության իրավական խնդիրների նկատմամբ վերաբերմունքը նույնպես առանձնապես չի փոխվել։
«Թեժ գծերի համարներն ավելացել են, բայց արդյունավետությունը չի բարձրացել։ Պատճառները մի քանիսն են. առաջինը` պետական ռեսուրսը բավարար չէ հասարակության բոլոր հարցերին պատասխանելու համար, երկրորդ` նույնիսկ բավարար ռեսուրսի առկայության դեպքում անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետները շատ քիչ են, երրորդ` հասարակությունը չի կարողանում հասկանալ, թե որ մարմին որ հարցով կարելի է դիմել և արդյոք իր խնդիրն իրավական է, թե ոչ։ Սրանք զուտ խոսքեր չեն, մենք ունենք թեժ գծերի հետ զրույցների բոլոր ձայնագրությունները»,- ասաց Մարիետտա Մանուկյանը։
Պարզվել է նաև, որ թեժ գծերում քաղաքացիներին հաճախ ոչ ճիշտ տեղեկատվություն են տրամադրում, կամ նույն պետական մարմնի տարբեր ենթակառուցվածքներում նույն հարցի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ ունեն, միասնական դիրքորոշում չկա նաև պետական տարբեր մարմիններում, այս ամենին զուգահեռ բյուրոկրատական քաշքշուկը պետական ապարատում չի վերացել։
«Այսինքն` թեժ գիծ զանգելիս մարդը պետք է առնվազն 2 ժամ ազատ ժամանակ ունենա, որ հերթով տրված բոլոր հեռախոսահամարներով զանգի, որովհետև որ համակարգ զանգում են, ասում են` մի հատ այս վարչություն զանգեք, մի հատ` մյուս, այս բաժին, այն բաժին, այս ենթաբաժին, այս ԾԻԳ, այս ՊՈԱԿ։ Այդ խնդիրը չի վերացել»,- ասաց Մանուկյանը։
Նախաձեռնությունն ունենալու է իր տրամաբանական շարունակությունը։ Եթե այս ուսումնասիրությունն ավելի շատ ընդգրկել է պետական կառույցների աշխատանքը քաղաքացիների հետ, ապա հաջորդ փուլում ուսումնասիրության առանցքում լինելու է քաղաքացին։ Հաջորդ «Իրավական ռեստարտը», հեղինակների խոսքով, փորձելու է ստուգել քաղաքացիների գիտելիքներն իրենց իրավունքների մասին ու որոշակի տեղեկություններ տրամադրել` որ դեպքում ուր պետք է դիմել։