ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի նոր ազատ տնտեսական գոտում մայնինգ կլինի, բայց կրիպտոարժույթով առևտուր չի լինի։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը:
Հայաստանի կառավարությունն օգոստոսի 30-ի նիստում «կանաչ լույս» է տվել նոր, արդեն չորրորդ տնտեսական գոտուն։ Դրա կազմակերպիչը` «Էկոս» ընկերությունը, ցանկանում է բլոքչեյնի և «ամպային» ծառայությունների կենտրոն բացել Հրազդան քաղաքում։
Շատերին թվում է, որ նախագիծը բացվում է միայն մայնինգի համար։ Առավել ևս, որ ազատ գոտին բացվում է Հրազդանի ջերմաէլեկտրակայանների մոտ։
«Բայց դա բոլորովին այդպես չէ։ Այստեղ կլինեն բլոքչեյն մշակողներ, հետազոտական կենտրոններ և շատ այլ բաներ։ Միայն չեն լինի կրիպտոարժույթով գործարքներ», — ասաց Լալայանը։
Հայաստանում թույլ չեն տալիս առևտուր անել այդ արժույթով և փոխանակել այն։ Իսկ ահա «մայնինգը» ոչ ոք չի արգելում։ «Ամեն դեպքում Կենտրոնական բանկի գործընկերները ոչ մի նկատողություն չեն արել այդ կապակցությամբ»,- հավելեց Լալայանը։
Նա հիշեցրեց, որ կրիպտոարժույթի մայնինգն օրինականացված է ոչ միայն Սինգապուրում կամ Հոնկոնգում, այլ նաև այնպիսի պահպանողական երկրում, ինչպիսին Բելառուսն է (որը նաև Հայաստանի գործընկերն է ԵԱՏՄ-ում)։ Այնտեղ նույնիսկ թույլ են տալիս գնել և փոխանակել տոկեններ։
Սկզբում «Էկոսն» ուզում է ազատ գոտում ներգրավել 50 ընկերություն, այնուհետև այդ թիվը հասցնել 150-ի։ Իսկ դրանք ի՞նչ ընկերություններ են, իսկ եթե հանկարծ չգա՞ն։
«Այստեղ կցանկանայի մի պարզաբանում անել։ Ազատ գոտու կազմակերպիչն անձամբ այնտեղ չի աշխատում։ Նա միայն ենթակառուցվածք է ստեղծում և ընկերությունից վարձակալության վճար գանձում։ Ուստի կազմակերպիչն առաջի հերթին շահագրգռված է, որ հնարավորինս արագ ամեն ինչ կառուցի (իսկ դա էժան չէ), իսկ հետո գտնի և բերի հնարավորինս շատ ընկերություններ։ Չէ՞ որ եկամուտը ստանում է հենց նրանցից», — ասաց Լալայանը։
Կարո՞ղ են արդյոք այստեղ գալ «ոչ միանշանակ» հեղինակություն ունեցող ընկերությունները։ Օրինակ` կրիպտոարժույթներով փող «լվացողները»։
«Ոչ, չեն կարող», — ընդգծեց Լալայանը։ Ազատ գոտի կազմակերպողը կապեր է հաստատում ընկերությունների հետ։ Բայց նա չի որոշում, թե ով է այնտեղ աշխատելու։ Չէ որ ազատ տնտեսական գոտում բիզնեսն ազատվում է հարկերից։ Միայն Հայաստանի կառավարությունն է որոշում, թե ում ազատի հարկերից։
Ընկերությունների հայտերը դիտարկում է կառավարական հանձնաժողովը։ Եթե փող լվանալու կասկած առաջանա, ԿԲ-ը միանգամից կարտահայտվի, իսկ օֆշորի դեպքում`ֆինանսների նախարարությունը կամ Պետեկամուտների կոմիտեն։
«Ուստի անհանգստանալու առիթ չկա։ Մենք նույնիսկ չենք հարցնում, թե ինչպիսի ընկերությունների հետ է «Էկոսը» բանակցություններ վարում։ Երբ բանը հասնի կոնկրետ հայտերին, այդ ժամանակ էլ կտեսնենք», —ավելացրեց Լալայանը։
Հիմա «Էկոսը» պետք է մեկ ամսվա ընթացքում պայմանագիր կնքի կառավարության հետ։ Իսկ դրանից հետո տարվա ընթացքում ազատ գոտու համար նախապատրաստի անհրաժեշտ ենթակառուցվածքը։