ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։ Հրապարակված տեղեկատվության համաձայն` Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն այդ որոշումը կայացրել է 2018 թվականի սեպտեմբերի 17-ին։
Տիգրան Բարսեղյանը Երևանի գլխավոր ճարտարապետ էր նշանակվել 2013թ-ին։
Մինչ այդ աշխատել է «Երևաննախագիծ» ինստիտուտում, եղել է ԵՊՃՇՀ ճարտարապետության ֆակուլտետի դեկան։
Բարսեղյանը մի շարք հայտնի կառույցների հեղինակ է։ Դրանցից են Չարբախի հիվանդանոցային համալիրը, «Սիլ» հյուրանոցը, մասնակցել է Ստեփանակերտի օդանավակայանի ուղևորային համալիրի նախագծմանը, Շուշիի ազատագրման 15-ամյակին նվիրված հուշակոթողի, Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի նախագծման աշխատանքներին։