ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում այսօր երեկոյան անձրև կտեղա։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` անձրևին կգումարվի ամպրոպը, իսկ ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ-ի։
Հանրապետության տարածքում տեղումներ կգրանցվեն նաև առաջիկա օրերին, և միայն սեպտեմբերի 21-22-ին անձրև չի տեղա։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-19-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում նույնպես այսօր մեծ է թրջվելու վտանգը։ Սեպտեմբերի 18-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մայրաքաղաքում տեղումներ չեն լինի 20-22-ն ընկած ժամանակահատվածում։
Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 29-31, գիշերային ժամերին` 13-15 աստիճան տաքություն։