ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի են «Մանկական Եվրատեսիլին» մասնակցել ցանկացող այն երեխաների անունները, ովքեր անցել են 2–րդ կիսաեզրափակիչ։
Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ավարտվել է «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ ելույթ ունեցած 12 մասնակիցներից եզրափակիչ անցան հետևյալ 5 մասնակիցները.
Վովա
Լիլի
Հարութ Հարությունյան
Սերժ Առաքելյան
Անահիտ Առաքելյան։
Նրանք մրցութային առաջին օրը հաղթահարած մասնակիցների` Անիի, Վարդան Մարգարյանի, L.E.V.O.N-ի, Լիայի և Էլիզայի հետ միասին հանդես կգան սեպտեմբերի 22-ին կայանալիք «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչում:
Մրցութային երկրորդ օրվա արդյունքը որոշվել է միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի կողմից և հեռուստադիտողների քվեարկությամբ։
Ժյուրիի անդամների անուններն ու քվեարկության մանրամասն տեղեկությունները կհրապարակվեն սեպտեմբերի 22-ին կայանալիք եզրափակիչից հետո (քվեարկության գործընթացի անաչառությունը երաշխավորելու նպատակով)։
Հիշեցնենք, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի նոյեմբերի 25-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: