Հայ մարզիկ Կարինե Կարապետյանը երեկ` սեպտեմբերի 15-ին, Թբիլիսիում հաղթել է ադրբեջանցի Ռենա Սաֆարովին, որը հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քույրն է։
Կարինեն իր հաղթանակը նվիրել է Գուրգեն Մարգարյանի հիշատակին։
Մենամարտը կայացել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ խառը մենամարտերի միջազգային մրցաշար է անցկացվում։
Հիշեցնենք, որ 2004թ-ի փետրվարին հայ սպա Գուրգեն Մարգարյանն անգլերենի դասընթացների էր մասնակցում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում: Դասընթացներին մասնակցում էին նաև սպաներ Ադրբեջանից, նրանց թվում՝ Ռամիլ Սաֆարովը:
Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակ և կացնահարել քնած հայ սպային: Դեպքից երկու տարի անց մարդասպան Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ նրան ներում շնորհվեց, զինվորական բարձր կոչում տրվեց և միանվագ վճարվեց 8 տարվա աշխատավարձը: