Հայաստանի սահմանամերձ գյուղերի վրա ադրբեջանական զինուժի պարբերական գնդակոծությունների մասին ՀՀ ԱԳՆ–ն տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակին:
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
«Սա ուղիղ հետևանք է Ադրբեջանի կողմից արդեն 2 տարի շարունակ այն պարտավորությունների չկատարման, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով` Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում։ Սա անպատժելիության մթնոլորտ է, ինչից ոգևորվում է Ադրբեջանը և շարունակ չի կատարում իր պարտավորությունները», — ասաց Բալայանը` հավելելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն Ադրբեջանին սանձելու գործում լուրջ անելիք ունեն:
Նրա խոսքով` քանի դեռ խաղաղությանը նպաստող մթնոլորտի պայմանները չեն ձևավորվել, քանի դեռ պարտավորությունները չեն իրականացվել, այս իրավիճակը կրկնվելու միտում ունի։
Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը։
Մինչ այդ ադրբեջանցիները գնդակոծությունների էին ենթարկել նաև նույն մարզի սահմանամերձ Վազաշեն, Բաղանիս և Կոթի գյուղերն ու ավտոճանապարհները։