ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Այս գիշեր Տավուշի մարզի Չինարի գյուղում խաղաղ է եղել, գնդակոծություններ չեն եղել:
Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Չինարիի համայնքապետ Սամվել Սողոյանը:
«Գիշերը խաղաղ է եղել, մարդիկ հանգիստ քնել են, կրակոցներ չեն եղել: Գյուղում խուճապ չկա: Առավոտյան ամեն մարդ իր առօրյա գործին է գնացել»,-ասաց Սաղոյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 14-ին, հակառակորդը խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանին:
Առավոտյանժամը 8:30-ից ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից կրակ էր բացել մեր պաշտպանական դիրքերի, ապա շուրջ մեկ ժամ՝ գյուղի վրա:
Գյուղում վնասվել է տներից մեկի պատը, մեկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի բաքը և տանիքը: Գնդակները դիպել են նաև գյուղի մանկապարտեզի շենքի պատերին:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Սաղոյանը նշեց, որ մանկապարտեզի վրա կրակելու հետևանքով երեխաներ չեն տուժել, որովհետև մանկապարտեզը չի գործում: