ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Վերջին ներքաղաքական բուռն իրադարձությունների վերաբերյալ լռում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նա չմասնակցեց նաև ԱԺ այս նստաշրջանին: Պատճառը, պարզվում է, Միքայելյանի առողջական խնդիրներն են: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պարբերականի տեղեկություններով` Միքայելյանը մեկնել է արտերկիր, վիրահատվել: Արցախյան պատերազմի ժամանակ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը բեկորային վնասվածքներ էր ստացել, և մինչև հիմա նրա մարմնում մի քանի տասնյակ բեկորներ են մնացել, որոնք էլ նորագոյացությունների պատճառ են դարձել:
Թերթը տեղեկացել է նաև, որ վիրահատությունն անցել է բարեհաջող, Միքայելյանն ապաքինվում է: