ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Երեկ երեկոյան Աբովյան փողոցի վերջնամասում՝ «Պլանի գլուխ» կոչվող հատվածում ոստիկանությունը նկատել է առանց պետհամարանիշի BMW X6 մակնիշի ավտոմեքենա, որը տարվել է ոստիկանություն: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։
Tert.am-ի տեղեկություններով՝ առանց պետհամարանիշի BMW X6-ը պատկանել է «Դելիկատես» ընկերության սեփականատիրոջ որդուն, որին ոստիկանությունը բերման է ենթարկել:
Բացի դրանից, ոստիկանությունը բերման է ենթարկել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մերձավորի որդուն:
Ոստիկանությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց բերման ենթարկելու փաստը, սակայն աննուններ և մանրամասներ չհայտնեց:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի Բագրևանդ փողոցում ոստիկանները բերման էին ենթարկել «Սիգարոնի» սեփականատերերից մեկին ուղեկցող թիկնազորի երկու անդամներին, իսկ սեպտեմբերի 12-ին ոստիկանները գործողություններ էին իրականացրել Լեո փողոցում և բերման ենթարկել ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնազորի անդամներին։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 11-ի «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին հրահանգել էր իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել: