ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Եթե այս գործը լիներ մեկ տարի առաջ, պառլամենտին օդ կհանեիք: Այսօր դիմելով իր երբեմնի ընդդիմադիր, այսօր` իշխանական գործընկերներին` ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` նշելով. «Դուք կասեիք քննիչ հանձնաժողով ստեղծեք, հիմա ի՞նչ է փոխվել՝ իրողությո՞ւն»:
ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնազերծված հեռախոսազանգերի առիթով ստեղծվող խորհրդարանական հանձնաժողովը, Շարմազանովի համոզմամբ, պետք է լինի ապաքաղաքական, իսկ գործառույթը պետք է դառնա ՀՀ քաղաքացու իրավունքի պաշտպանությունը։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն էլ կարծիք հայտնեց, թե իշխանությունը միտումնավոր ԱԺ նիստից մեկ օր առաջ քրեական գործ հարուցեց` փորձելով կանխել քննիչ հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ նախաձեռնությունը, քանի որ ԱԺ Կանոնակարգ օրենքով հանձնաժողովը չի կարող քննել նախաքննության փուլում գտնվող քրեական գործին առնչվող հարցերը:
«Հերիք չի՞ այդ մակարոնեղենը կախեք մեր քաղաքացիների ականջներին: Խորհրդարանն ունի լիազորություններ, այս հանձնաժողովի աշխատանքը չպետք է լինի քաղաքական, այն պետք է լինի թափանցիկ, չվախենա անուններից, կանչի բոլորին, հարցաքննի` Նիկոլ Փաշինյանից սկսած, վերջացրած Յուրի Խաչատուրովով»,- ասաց Աշոտյանը և առաջարկեց հանձնաժողովի նիստերը հեռարձակել ուղիղ եթերով:
ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն էլ, իր գործընկերներին լրացնելով, ասաց. «Հանձնաժողովը պետք է պատասխան տա մի կարևոր հարցի` վերջը ՀՀ-ում մեզ բոլորիս լսո՞ւմ են, թե՞ չէ»:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին սակայն ընդդիմության փաստարկները համոզիչ չթվացին: Նրա խոսքով` հանձնաժողովը չի կարող հարուցված քրեական գործերից դուրս քննարկում ծավալել:
«Ո՞ր հարցն եք քննարկելու՝ մի հատ Viber-ով զանգիր, կարող է՝ մեզ լսո՞ւմ են: Մարդիկ բոլորը վախեցած են, իրար զանգում, ասում են՝ Telegram-ով զանգիր: Կոնկրետ այս գործով դա չենք կարող քննել, ու եթե չենք կարողանալու անդրադառնալ, էլ ինչո՞ւ ենք հանձնաժողով ստեղծում»,- ասաց Մարուքյանը:
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ, նշելով, որ համամիտ է «Ելքի» պատգամավորների հետ, և ՀՀԿ-ին դիմելով, ասաց. «Օրենք մի՛ խախտեք, հարգելի գործընկերներ»:
Չնայած բուռն քննարկումներին, ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում ընդունեց ՀՀԿ-ի առաջարկը` հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ու արդար դատավարության իրավունքի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին:
Հանձնաժողովում ներկայացված կլինեն բոլոր խմբակցությունները` հետևյալ համամասնությամբ` ՀՀԿ` 5, «Ծառուկյան»` 3, «Ելք»` 2, ՀՅԴ` 1 անդամ: