ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. «Նոր ալիք» մրցույթում Հայաստանը ներկայացնող Գևորգ Հարությունյանը մրցութային երկրորդ օրը նույնպես ավարտեց հաղթանակով։ Նա երգեց «Կյանք ու կռիվ» ֆիլմի սաունդթրեքը և արժանացավ 100 միավորի։ Ինչպես նշված է մրցույթի պաշտոնական կայքում, հայ երգիչն այս պահին առավելագույն միավորներ ունի։
Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում երգիչը խոստովանեց` «Նոր ալիքին» մասնակցելուց առաջ որոշել էր, որ մրցույթին վերաբերվելու է որպես մենահամերգի։
«Ինձ համար որոշել էի` դուրս կգամ բեմ, հաճույք կստանամ, կպատմեմ իմ պատմությունն ու կհեռանամ։ Ինձ ոչինչ չխանգարեց։ Շատ ուրախ եմ, որ ելույթն այսպիսի բուռն արձագանք է առաջացրել», — ընդգծեց նա։
Երգիչը պատմեց, որ մի քանի ամիս է նախապատրաստվել համերգին։ Եվ մրցութային առաջին օրը հաջող ելույթ ունենալուց հետո սպասումներն ավելացել են։ Միևնույն ժամանակ մեծացել է նաև պատասխանատվության զգացումը, քանի որ նա առաջին անգամ է ներկայացնում երկիրը։
«Այս ամիսների ընթացքում շատ եմ աշխատել, ելույթի տեխնիկական մասը պատրաստ է։ Այժմ ես մի կողմ եմ դրել սթրեսն ու խուճապը և փորձում եմ թուլացնել նյարդերս», — նշեց Գևորգը։
Այժմ Հարությունյանը անհանգստանում է և մտածում ավելի մեծ արդյունքների հասնելու հասնի։
«Ինձ համար շատ կարևոր է հայտնի արտիստների առավելագույն գնահատականին արժանանալը», — ընդգծեց նա։
Հարությունյանի երրորդ ելույթը կկայանա սեպտեմբերի 8-ին։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 9-ին։
Գևորգ Հարությունյանը ծնունդով Կապանից է։ 2013 թվականին Հայաստանում «Х — ֆակտոր» նախագծում հինգերորդ տեղն էր զբաղեցրել։ 2014 թվականին պրոֆեսիոնալ պարուհի Շուշաննա Դաբաղյանի հետ դուետում հաղթել էր «Պարեր աստղերի հետ» մրցույթում։ Վերջերս ստանձնել է Կապանի մշակութային կենտրոնի ղեկավարի պաշտոնը։