Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն առաջնային նշանակություն ունեն Հայաստանի համար՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է իշխանության ղեկին: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` հավելելով, որ դաշնակցային հարաբերությունների պահպանումը երկու երկրների միջև առաջային նշանակություն ունի:
«Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք տեղ գտած իրողությունների առնչությամբ: Ես հուսով եմ, որ բոլոր գործողությունները, որոնք մեր իշխանությունները ձեռնարկում են կամ կձեռնարկեն, կբխեն բացառապես ՀՀ ազգային, պետական երկարատև շահերից, և կկայացվեն նախորդ փորձի համակողմանի ուսումնասիրությունից բխող որոշումներ»,- ասաց Ֆարմանյանը` հավելելով, որ ինքն այսօր հայ-ռուսական հարաբերություններում տեսնում է խնդիրներ, որոնք անհնար է չտեսնել։
ՀՀԿ-ական պատգամավորը հույս հայտնեց, որ ՀՀ նոր իշխանությունը հավատարիմ կմնա Հայաստանի արտաքին քաղաքական կուրսին և հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները հայտարարությունների մակարդակում չեն մնա:
Գործող իշխանություններին էլ խորհուրդ տվեց ամեն որոշում կայացնելիս երկար ծանր ու թեթև անել։
Հիշեցնենք, սեպտեմբերի 8-ին Մոսկվայում նախանշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: