ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Երկրորդ երեխայի ծննդյան նպաստը երեք անգամ կավելանա։ Համապատասխան որոշման նախագիծը քննարկվեց սեպտեմբերի 6-ին կառավարության նիստում ու հետաձգվեց։
Մասնավորապես, առաջին երեխայի ծննդյան նպաստը նախկինի նման կկազմի 50 հազար դրամ։ Իսկ երկրորդ երեխայի դեպքում առաջարկում են նպաստը դարձնել 150 հազար դրամ։
Երրորդ և չորրորդ երեխաների համար ոչինչ չի փոխվի։ Երրորդի և չորրորդի համար նպաստը կկազմի 1 միլիոն դրամ, հինգերորդ և ավելի երեխաների համար` 1,5 միլիոն։
«Պարոն Տոնոյան, ուզում էինք ասել՝ հատկապես տղա երեխաների ծնունդը: Ձեր հայացքում ես դա կարդացի, որ ինչքան հնարավոր է շուտ դառնան 18 տարեկան», — կատակով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արդեն պատրաստվում էին որոշում ընդունել, երբ հանկարծ հորիզոնում ընտանեկան դրամա ծագեց։ Ի՞նչ անել, եթե երկրորդ և երրորդ երեխան միանգամից ծնվեն։ Երեխաներից ո՞ր մեկին տրամադրեն 150 հազար, իսկ մյուսին` 1 միլիոն դրամ։
«Իսկապես, ինչպե՞ս պարզենք», — հարցրեց Փաշինյանը` հազիվ զսպելով ծիծաղը։
Կառավարության անդամներն առաջարկեցին երկու երեխայի համար էլ տրամադրել մեկական միլիոն դրամ, իսկ եթե եռյակ ծնվի, յուրաքանչյուրին` 1,5 միլիոն։ Այլ կերպ ասած` տրամադրել առավելագույն հնարավոր գումարը։
«Լավ, հետաձգենք հարցը ավելի մանրամասն քննարկելու համար։ Ի դեպ, քանի՞ երեխա ունեն նախարարները։ Թող ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր երկու և ավելի երեխա ունեն», — հայտարարեց վարչապետը։
Դահլիճում երեսունից ավելի ներկաների շարքում մի քանի ձեռք բարձրացավ։
Նշենք, որ այստեղ Նիկոլ Փաշինյանն առաջատար է. նա չորս երեխա ունի։