ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Պորտուգալացի ֆուտբոլիստ, «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն սպառնացել է դատի տալ հեռուստաընկերությանը, որը ռեպորտաժ է հեռարձակել նրա ընկերուհու` Ջորջինա Ռոդրիգեսի մասին։ Այս մասին հայտնում է «Սպորտ-Էքսպրեսը»։
Mediaset խմբում ընդգրկված Telecinco հեռուստաընկերությունը սյուժե է հեռարձակել այն մասին, որ աղջիկը ֆուտբոլիստի հետ հարաբերությունները սկսելուց հետո դադարեցրել է ընտանիքի հետ շփումը։ Նյութում պնդում են, որ Ջորջինան դադարեցրել է այցելել իր 82 տարեկան տատին ու չի շփվում հոր հետ, որն ավելի վաղ ուղեղի կաթված է ստացել։
Նման հայտարարությունները զայրացրել են Ռոնալդուին, և նա իր փաստաբաններին հանձնարարել է կապ հաստատել հեռուստաընկերության հետ ու պահանջել, որ Ռոդրիգեսի մասին սյուժեն այլևս չհեռարձակվի։ Հակառակ դեպքում ֆուտբոլիստը դատարան կդիմի։
Հայտնում են, որ հեռուստաընկերությունն ընդառաջել է Ռոնալդուին ու արգելել է լրագրողներին Ջորջինայի վերաբերյալ հետաքննություն անցկացնել։