ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Չելյաբինսկում բնակվող ամուսնական զույգը որոշել է ամուսնալուծվել Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների խաղերը դիտելուց հետո: Այս մասին հայտնում է «ԱիՖ-Չելյաբինսկը»։
Ամուսինները միասին են ապրել ավելի քան 14 տարի։ Ամուսնալուծության պատճառը Նիգերիայի հետ խաղում Արգենտինայի հավաքականի հաղթանակն էր։ Հենց այդ ժամանակ լատինամերիկացիները փլեյ-օֆֆ դուրս եկան։
«Առաջին գնդակն աֆրիկացիների դարպաս ուղարկեց Լիոնել Մեսսին, որին երկրպագում էր 40-ամյա Արսենը։ Տղամարդն այնքան բուռն ուրախացավ իր կուռքի հավաքականի հաջողությունից, որ 37 տարեկան կինը` Լյուդմիլան, սկսեց ծաղրել նրան։ Իսկ Լյուդմիլան Մեսսիի հակառակորդ Ռոնալդուի վառ երկրպագուն է», — նշված է հոդվածում։
Արսենը (հավանաբար ազգությամբ հայ — խմբ.) պարբերականի թղթակիցներին պատմել է, որ այդ խաղը վերջին կաթիլն է դարձել։ Լյուդմիլայի ամուսինը խոստովանել է, որ կինը պարզապես ծաղրել է իր սիրելի Մեսսիին, ասել, որ լեգենդար ֆուտբոլիստը վատ է խաղում և իսլանդացիների հետ խաղում չի կարողացել իրացնել կարևորագույն 11-մետրանոցը։
Միևնույն ժամանակ Լյուդմիլան ցուցադրաբար երկրպագել է Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստներին։
«Երբ նա հերթական անգամ վատ բառեր ասաց Լիոնելի և նրա մարզական տվյալների մասին, ես փրփրեցի, և ասացի այն ամենը, ինչ մտածում եմ նրա գեղեցիկ Ռոնալդուի, Պորտուգալիայի հավաքականի, կնոջ և բոլոր այն ակումբների մասին, որին Լյուդմիլան երկրպագում է։ Դրանից հետո վերցրի փաստաթղթերը և հեռացա ընդմիշտ», — խոստովանել է տղամարդը։
Արսենը պատմել է, որ Լյուդմիլայի հետ ծանոթացել են Չելյաբինսկում գործող մարզական սրճարանում 2002 թվականին Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։ Աղջիկը ևս ֆուտբոլի վառ երկրպագու է, բայց ոչ թե «Բարսելոնայի» և Մոսկվայի «Սպարտակի», այլ «Ռեալի» և ԲԿՄԱ-ի։
Պարբերականը նշում է, որ հենց այդ հողի վրա են պարբերաբար կռվել տեղի կլինիկաներից մեկի բժիշկն ու Չելյաբինսկի բուհի մանկավարժը։
Սիրելի հավաքականի խաղի հաջորդ օրը տղամարդը ամուսնալուծության դիմում է ներկայացրել շրջանային ՔԿԱԳ։ Հոդվածի հեղինակները կարծում են, որ ճակատագիրն Արսենին հնարավորություն է տալիս դիմումը հետ վերցնելու։ Չէ՞ որ և՛ Արգենտինայի և՛ Պորտուգալիայի հավաքականը 1/8 եզրափակչում դուրս են մնացել մրցաշարից, ինչը թույլ է տալիս մոռանալ այն հարցը, թե պատմության համար ո՞վ է ավելի արժեքավոր` Քրիշտիանուն, թե՞ Լեոն։