ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 4-ի գիշերը, ժամը 02:30-ի սահմաններում զինված ու դիմակավորված անձը ավազակային հարձակում է գործել Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետի վրա և հափշտակել այնտեղ եղած գումարն ու դիմել փախուստի։
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ավազակության և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով։
Հետաքրքրական է, որ վերջին 1-2 ամսվա ընթացքում սա նույն բուքմեյքերական կետի վրա կատարված արդեն երկրորդ զինված հարձակումն է։
Առաջինը տեղի էր ունեցել հուլիսի 30-ին, գիշերը 02։00-ի սահմաններում։
Գլխարկով, բժշկական դիմակով դեմքը փակած, անձը զենքի նմանվող առարկայով մտել էր նշված բուքմեյքերական կետ և, զենքը պահելով աշխատակցի վրա, հափշտակել նրա մոտ եղած ողջ գումարն ու դիմել փախուստի։
Հանցագործությունը մինչ օրս բացահայտված չէ: