ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի իշխանությունն ուզում է ստիպել սուպերմարկետներին աջակցել տեղի արտադրողներին։ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծում նման առաջարկ է արել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը։ Օրինագիծը հրապարակվել է ՀՀ արդարադատության նախարարության e-draft.am հանրային քննարկումների հարթակում։
Օրինագծի համաձայն` առևտրային ցանցերը չեն կարողանա հրաժարվել տեղական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքներից (այդ ցանկը կհաստատի կառավարությունը)։ Սակայն պայմանով, որ ապրանքները որակյալ լինեն։
Հարցին` թե դա չի հակասո՞ւմ ազատ շուկայի օրենքներին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից հայտնեցին, որ այստեղ որևէ խախտում չկա։
«Մի շարք դեպքերում խոշոր ցանցերն իրենք են խախտում մրցակցությունը։ Նրանք հրաժարվում են ապրանքներից, եթե իրենք կամ դուստր ընկերությունների միջոցով նման ապրանքներ են արտադրում կամ ներկրում», — Sputnik Արմենիային ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը։
Իսկ եթե տեղի արտադրողները սկսեն գին «կրակել» և սուպերմարկետներին փաստի առաջ կանգնեցնե՞լ։ Հազիվ թե։ «Դա շահավետ չի լինի հենց իրենց համար», — նկատեց Բաբայանը։ Խանութը պարտավոր կլինի վերցնել այդ ապրանքը, բայց չվաճառել։ Ընդ որում, պարտավոր չի լինի նույնիսկ կանխավճար տալ։ Այսինքն ապրանքը հնարավոր կլինի վերցնել անմիջապես, իսկ վճարել` միայն վաճառելուց հետո։
Իսկ եթե սուպերմարկետը սեփական ապրանքը երևացող տեղ դնի, իսկ ուրիշներինը հե՞տ տանի։ «Հնարավոր է։ Սակայն այդ մանրամասները կքննարկվի հետագայում»,- ասաց փոխնախարարը։
«Չէ՞ որ սա վերջնական նախագիծ չէ, այլ նախնական։ Նպատակն է սուպերմարկետներում սպառողներին պաշտպանել շահերի բախումից։ Իսկ մանրամասները կքննարկենք և կլսենք բոլորին», — ասաց փոխնախարարը։
Մեկ այլ օրինագծով առևտրականներին կստիպեն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքից մեջբերում փակցնել երևացող տեղում։ Օրենքի համաձայն` սպառողը կարող է վերադարձնել կամ փոխանակել ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում, որոշակի պայմանների դեպքում (եթե տուփը չի բացվել, եթե անձնական հիգիենայի պարագաներ կամ դեղեր չեն)։ Այս տեղեկությունը պետք է երևացող տեղում լինի։ Եթե այն չլինի, առաջարկվում է տուգանել խանութներին։
Այս օրինագծերն ուզում են քննարկել և մինչև տարեվերջ ներկայացնել խորհրդարան։