ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Մոսկվայում սեպտեմբերի 8-ին։ Այս տեղեկությունն «Իզվեստիային» հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՀՀ վարչապետի առաջիկա այցը երրորդը կլինի։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են ունեցել Սոչիում մայիսի 14-ին ԵԱՏՄ երկրների ղեկավարների համար նախատեսված գագաթնաժողովի շրջանակում։ Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում հունիսի 13-ին, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։
Պուտինի հետ հանդիպման մասին հայտնել էր նաև Փաշինյանը։ Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել էր, որ վերջին շրջանում շատ է խոսվում հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մասին։ Փաշինյանը, սակայն, նշել էր, որ համաձայն չէ այդ գնահատականների հետ։
«Կարծում եմ, որ աշխատանքային գործընթաց է առկա։ Մենք շարունակում ենք շփվել տարբեր մակարդակներում։ Առաջիկայում մեկնելու եմ Մոսկվա։ Երրորդ հանդիպումն եմ ունենալու Պուտինի հետ։ Մանրակրկիտ կքննարկենք մեր օրակարգի բազմաթիվ հարցեր», — նշել էր նա։
Փաշինյանը շեշտել էր, որ չի պնդում, թե բոլոր հարցերը լուծում կստանան։ Սակայն համոզմունք էր հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները բնական հունի մեջ են և այդպես էլ կշարունակվի։