ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արատակարգ և լիազոր դեսպան նշանակված Արմեն Ղևոնդյանն այսօր կայցելի ՀՀ Ազգային ժողով` հանդիպելու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 4-ին, հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա տեղեկացրեց, որ նման ընթացակարգ է նախատեսում «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն` ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչը նշանակումից հետո կարող է հրավիրվել ՀՀ ԱԺ իրավասու մշտական հանձնաժողով` աշխատանքային քննարկման համար:
«Հանդիպումը կանցնի դռնփակ ռեժիմում, իմ աշխատասենյակում: Կքննարկենք Բելառուսի Հանրապետության հետ կապված որոշ աշխատանքային հարցեր»,- տեղեկացրեց Աշոտյանը:
Ի դեպ, նման հանդիպում, չնայած օրենքի դրույթին, առաջին անգամ է հրավիրվում: Արմեն Ղևոնդյանը դեսպան է նշանակվել օգոստոսի 15-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, որը հաշվի է առել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Ղևոնդյանն այդ պաշտոնում փոխարինել է Օլեգ Եսայանին: