ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում հույս ունեն, որ մոտ ապագայում Տոկիոյին և Երևանին կկապի ուղիղ ավիահաղորդակցությունը։ Այս մասին Երևանում ճապոնացի գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում ասաց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Հուսով ենք, որ մոտ ապագայում Երևանից Տոկիո ուղիղ չվերթեր կլինեն։ Այդ թեման մենք քննարկել ենք իմ ճապոնացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ», — ասաց Մնացականյանը։
Նա նշեց, որ Հայաստանն արտոնյալ ռեժիմ է սահմանել Ճապոնիայի քաղաքացիների համար, և նրանք կարող են առանց վիզայի գալ Հայաստան։ Երևանը հույս ունի, որ Տոկիոն առաջիկայում քայլեր կձեռնարկի, ինչը թույլ կտա հեշտացնել Հայաստանի քաղաքացիների մուտքը Ճապոնիա։
Ճապոնիան և Հայաստանը պայմանավորվել են նաև համատեղ աշխատանքներ անցկացնել ենթակառուցվածքի, երկրների միջև արդեն ձևավորված իրավական դաշտի զարգացման ուղղությամբ։
«Երևանը բարձր է գնահատում Տոկիոյի օգնությունը, որը ցուցաբերվել է վերջին տարիների ընթացքում։ Այս տարիներին Հայաստանին տրամադրվել է 300 միլիոն դոլար արտոնյալ վարկերի համար, 79 միլիոն դոլար դրամաշնորհների և 11,5 միլիոն դոլար տեխնիկական օգնության ու կրթական ծրագրերի համար», — ասաց Մնացականյանը։
Նա նշեց, որ Ճապոնիայի օգնությունը Հայաստանում համատարած զգացվում է։ Միաժամանակ Հայաստանից մոտ 600 մասնագետներ վերջին շրջանում վերապատրաստում են անցել ճապոնական օժանդակության շնորհիվ։
Օրվա ընթացքում նախատեսված են նաև Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարի հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ճապոնացի նախարարը կայցելի նաև ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։