ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները Արագած լեռան հարավային գագաթի մոտակայքում՝ մոտ 3464 մ բարձրության վրա, հայտնաբերել են Կ. Դ.-ի (ծնված 1952 թ.) դին: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` «911» ծառայությունը սեպտեմբերի 2-ին, ժամը 20:45-ին է ահազանգ ստացել այն մասին, որ Արագած լեռան լանջին՝ «Քարի» լիճ տանող ավտոճանապարհին, դի են նկատել:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները դին իջեցրել են սարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ նախնական տվյալով` համալսարանական խումբ է բարձրացել Արագած լեռ։ Խմբի կազմում մեծահասակ մարդ է եղել, որը լեռն իջնելու ժամանակ հետ է մնացել, որոշ ժամանակ անց մարդիկ տեսել են մարմինը և զանգել 911: Մահացածը Կոլյա Դալակյանն է: